Հյուսիսային Կորեան առաջին անգամ ցույց է տվել այն գործարանը, որտեղ տեղի է ունենում ուրանի հարստացում՝ միջուկային զենք ստեղծելու համար, գրում է Reuters-ը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է ուրանի հարստացման ձեռնարկություն և զինանոցը մեծացնելու համար կոչ է արել ավելի շատ զենք գնել, հայտնել է աղբյուրը։
«Երկրի միջուկային զինանոցը կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների սպառնալիքներին դիմակայելուն: Զենքն անհրաժեշտ է ինքնապաշտպանության և կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորության համար»,- ասել է նա:
Պետական ԶԼՄ-ները միջուկային զենքի գործարանից լուսանկարներ են հրապարակել, որոնք, ըստ Reuters-ի, թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի մասին։
Աղբյուրը հիշեցրել է, որ միջուկային ծրագիրն արգելված Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերով։
Հյուսիսային Կորեան միջուկային ծրագիրն սկսել էր իրագործել 1950-ական թվականներին։ 2005-ին փետրվարին հայտարարել էր երկրում միջուկային զենք ստեղծելու մասին: 2006-ի հոկտեմբերին իրականացրել էր առաջին օդային միջուկային փորձարկումը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր N1718 բանաձևով պահանջել էր դադարեցնել հրթիռային ծրագիրը, սակայն Հյուսիսային Կորեան պահանջի կատարումը հնարավոր է համարում միայն ԱՄՆ-ի կողմից այլևս սպառնալիք չզգալու պարագայում։