Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է Լիբանանից արձակված երեք հրթիռներից երկուսը, իսկ լիբանանյան տարածքից թռչող անօդաչու թռչող սարքն ընկել է հրեական պետության հյուսիսում, հայտնել է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը։
Այս հարձակումների հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան, նշել են զինվորականները։
Ավելի ԶՈՒ վաղ մամուլի ծառայությունը հայտնել էր Իսրայելի հյուսիսային հատվածում օդային ռմբակոծության ազդանշանների ակտիվացման մասին։ Սեպտեմբերի 8-ին Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով սպանվել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյա։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան՝ հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են:
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։