Եմենի «Անսար Ալլահ» (հուսիթներ) շարժումը հայտարարել է Իսրայելի ուղղությամբ նորագույն կառուցվածքի գերձայնային բալիստիկ հրթիռ արձակելու մասին, գրում է Interfax-ը։
«Գործողությունն իրականացվել է նոր բալիստիկ հիպերձայնային հրթիռի օգնությամբ, որը կարողացել է հասնել նպատակին։ Իսրայելի պաշտպանական համակարգերը չեն կարողացել դիմակայել և որսալ այն»,- ասել է հուսիթների մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Նասրուդդին Ամերը:
Նրա խոսքով՝ հրթիռը 2040 կմ-ն անցել է 11,5 րոպեում։ Նա հավելել է, որ Իսրայելը պետք է հուսիթներից նոր հարվածներ ու գործողություններ սպասի։ Հուսիթների ներկայացուցիչ Յահյա Սորրին հստակեցրել է, որ հրթիռը կարողացել է անցնել իսրայելական և ամերիկյան ՀՕՊ համակարգերի միջով:
Հուլիսի 19-ին հուսիթներն անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հարված էին հասցրել Թել Ավիվին։ Հուլիսի 20-ին իսրայելական կործանիչներն ավիահարված էին հասցրել Եմենին՝ ի պատասխան Թել Ավիվի վրա հուսիթների արձակած անօդաչու թռչող սարքերով հարձակման։ Հուսիթները հուլիսի 21-ին հայտարարել էին, որ բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ քաղաքի թիրախներին։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։