ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ երկրորդ մահափորձն է իրականացվել, հայտնել է Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Թեյլոր-Գրինը։
«Նախագահ Թրամփը հերթական մահափորձից հետո ողջ-առողջ է: Նրան փորձում են սպանել: Ամեն ինչ կանեն, որպեսզի նա չհաղթի»,- գրել է Գրինն X-ում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ շրջանառվում էր վարկած, որ Ֆլորիդայում՝ Trump Golf Club West Palm Beach-ում, հրաձգություն է տեղի ունեցել, և 2 մարդ կրակել են իրար վրա, սակայն կարճ ժամանակ անց այս վարկածը հերքվել էր։
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ հետաքննում է Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձը։ Նշվում է, որ Գաղտնի ծառայության աշխատակիցները գոլֆի դաշտի մոտ ատրճանակով տղամարդու են նկատել և նրա ուղղությամբ կրակ բացել։ Կասկածյալը AK-47 հրացան և երկու ուսապարկ է նետել թփերի մեջ, այնուհետև մեքենայով դիմել փախուստի։ Շուտով նրան բերման են ենթարկել։ Նրա վրա հայտնաբերվել է նաև օպտիկական տեսարան և GoPro տեսախցիկ։
Պաշտոնապես կասկածյալի անունը իշխանությունները չեն բացահայտել, սակայն Fox News-ը գրել է, որ ձերբակալվածը Հավայան կղզիների 58-ամյա բնակիչ Ռայան Ուեսլի Ռութն է։ Երբ տղամարդուն նկատել են, նա գտնվել է Թրամփից 300-500 մետր հեռավորության վրա։
Ինչպես նշում է New York Post-ը, վերջին տարիներին Ռութը սոցիալական ցանցերում ակտիվորեն քննադատել է Հանրապետական կուսակցությանը և աջակցել դեմոկրատներին։
Միջադեպից հետո Թրամփը վերադարձել է Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր նստավայր։ Նա հայտարարել է, որ ինքն «անվտանգ է և առողջ»։ Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսն ուրախ են, որ Թրամփին ոչինչ չի պատահել։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում՝ նախընտրական հանրահավաքի ժամանակ, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ էր իրականացվել։ Փամփուշտը վնասել էր նրա աջ ականջի վերին հատվածը։ Թրամփի ուղղությամբ կրակողն սպանվել էր, զոհվել էր հանրահավաքի մասնակիցներից մեկը, վիրավորվել՝ 2 քաղաքացի։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։