Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ջնջել է X-ում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի նկատմամբ մահափորձերի բացակայության մասին գրառումը, գրում է CNN-ը։
Մասկը, որը հարթակում ունի 197 միլիոն հետևորդ, ԱՄՆ նախկին նախագահ և ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո գրառում էր կատարել թեմայի շուրջ։
«Եվ ոչ ոք նույնիսկ չի փորձում սպանել Բայդենին և Քամալային»,- նշել էր Մասկը՝ գրառմանն ավելացնելով հոնքը բարձրացրած էմոջի։
X-ի օգտատերերը քննադատել էին նրան՝ նշելով, որ այդ գրառումը կարող է Բայդենի և Հարիսի դեմ բռնություններ հրահրել։ Օգտատերերը Մասկի գրառումն անվանել էին անպատասխանատու, վտանգավոր ու սարսափելի, իսկ ինքը՝ Մասկը, գրառումը հեռացնելուց հետո խոստովանել է, որ դաս է քաղել:
«Դե, իմ սովորած դասերից մեկն այն է, որ միայն այն պատճառով, որ ես մի խումբ մարդկանց հետ կատակում եմ ինչ-որ բանի մասին և նրանք ծիծաղում են, չի նշանակում, որ դա նույնքան ծիծաղելի կլինի որպես X-ում գրառում»,- գրել է նա:
Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ում հայտնել էին Թրամփի դեմ երկրորդ մահափորձի մասին։ Ինչպես նշում է New York Post-ը, վերջին տարիներին Ռութը սոցիալական ցանցերում ակտիվորեն քննադատել է Հանրապետական կուսակցությանը և աջակցել դեմոկրատներին։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում՝ նախընտրական հանրահավաքի ժամանակ, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ էր իրականացվել։ Փամփուշտը վնասել էր նրա աջ ականջի վերին հատվածը։ Թրամփի ուղղությամբ կրակողն սպանվել էր, զոհվել էր հանրահավաքի մասնակիցներից մեկը, վիրավորվել՝ 2 քաղաքացի։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։