Blindsight տեսողական իմպլանտը, որը մշակվել է իր Neuralink ընկերության կողմից, ի ծնե կույր մարդկանց հնարավորություն կտա տեսնել, X-ում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։
«Սարքը թույլ կտա տեսնել նույնիսկ նրանց, ովքեր կորցրել են երկու աչքերն ու տեսողական նյարդերը։ Եվ եթե տեսողական արմատն անվնաս է, ապա դա թույլ կտա տեսնել նույնիսկ նրանց, ովքեր ի ծնե կույր են, առաջին անգամ տեսնել»,- գրել է Մասկը։
Գործարարի խոսքով՝ սկզբում Blindsight-ը պատկերներ կփոխանցի ցածր չափաբաժնով, որը համեմատելի է 1980-ական և 1990-ական թվականներին ծրագրավորող Atari-ի կողմից տարածված համակարգչային խաղերի գրաֆիկայի հետ։
«Բայց այն, ի վերջո, կարող է գերազանցել բնական տեսողությանը և թույլ տալ տեսնել ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն սպեկտրում և նույնիսկ վերցնել ռադարի ալիքի երկարությունները, ինչպես Ջեորդի Լա Ֆորժը («Աստղային ճանապարհի» հերոսը-խմբ․)», – ավելացրել է միլիարդատերը:
2024-ի հունվարին Մասկի Neuralink ընկերությունն առաջին անգամ մարդու ուղեղում տեղադրել էր նեյրոչիպ, որը թույլ է տալիս «պարզապես մտածելով» կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը։ Այն նախատեսված է հիմնականում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Մայիսին ԱՄՆ առողջապահության նախարարության դեղերի վարչությունը լիազորել էր ընկերությանը Telepathy ուղեղի իմպլանտը տեղադրել երկրորդ անձի ուղեղում։
Ըստ Bloomberg-ի՝ ապագայում Neuralink-ը հույս ունի ստեղծել մի համակարգ, որի դեպքում յուրաքանչյուրը կարող է գնալ կլինիկա և 15 րոպե տևողությամբ վիրահատության շնորհիվ դառնալ «կիբորգ», օրինակ՝ ներբեռնել տեղեկատվություն ինտերնետից իր ուղեղ, ինչպես Կիանու Ռիվզի կերպարը «Մատրիցա»-ում: