Wildberries-ի մոսկովյան գրասենյակում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ընկերության անվտանգության 2 աշխատակից է զոհվել։ Armenia Today-ը մեկտեղել է դեպքի վերաբերյալ այս պահին հայտնի տեղեկություները։
«ՌԻԱ նովոստին» հայտնել է, որ հրաձգությունից հետո 30 մարդ է տեղափոխվել ոստիկանություն։
«Այս պահին քննչական գործողություններ են իրականացվում»,- հավելել են իրավապահները։
ՏԱՍՍ-ը, հղում անելով իրավապահ մարմիններին, գրել է, որ 20-30 հոգուց բաղկացած տղամարդկանց խումբն սկսել է կոտրել բիզնես կենտրոնի մուտքի ապակիները, ի պատասխան կրակոցներ են արձակվել։
Wildberries և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ընկերության գրասենյակ է փորձել ներխուժել առցանց-ռեթեյլերի համասեփականատեր Վլադիսլավ Բակալչուկը՝ անվտանգության աշխատակիցներով: Wildberries-ի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ առաջինը կրակել են զինված մարդիկ, որոնք ուղեկցել են Բակալչուկին:
Wildberries-ը և Russ-ը հունիսին հայտարարել էին իրենց միավորման մասին, որից հետո Բակալչուկը, որը Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի նախկին ամուսինն է, հայտարարել էր ընտանեկան բիզնեսի ռեյդերային գրավման մասին։ Կինն, իր հերթին, նշել էր, որ դա ոչ թե ռեյդերական զավթում, այլ ամուսնալուծության գործընթացի սկիզբ է։
Russ-ի գործադիր տնօրենը հայազգի գործարար Ռոբերտ Միրզոյանն է։