Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունից հետո տեղի են ունեցել կապի այլ միջոցների պայթյուններ, զոհերի թիվը հասել է 14-ի, վիրավորներինը՝ 450-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կենտրոնին։
«Լիբանանի տարբեր շրջաններում «Հեզբոլլահ» շարժման անդամների կողմից օգտագործվող կապի սարքերը պայթել են, որոնք տարբերվում էին 24 ժամ առաջ պայթեցրած փեյջերից»,- հայտնում է գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ենթադրաբար, փեյջերների պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել մի շարք բնակարաններում, մեքենաներում և մոտոցիկլետներում, հայտնում է Irna-ն՝ հղում անելով լիբանանյան լրատվամիջոցներին։ Փեյջերի պայթյունների հետևանքով վիրավորներ կան Բեյրութում, Բաալբեկում և լիբանանյան այլ քաղաքներում։
Reuters-ի փոխանցմամբ՝ պայթել են նաև բջջային հեռախոսներ։
Ըստ An-Nahar թերթի՝ պայթել են ռացիաներ, որոնք «Հեզբոլլահ»-ը գնել էր գրեթե փեյջերի հետ միաժամանակ՝ մոտ հինգ ամիս առաջ:
Ըստ Axios-ի՝ Իսրայելի հետախուզությունը ենթադրաբար նախապես պայթուցիկ սարքեր է տեղադրել ռացիաների վրա և դրանք ուղարկել լիբանանյան շարժմանը:
Տեղի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ նոր պայթյունների զոհ է դարձել 9 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվել են։ Վիրավորները տեղափոխվել են Բեյրութի, Հարավային Լիբանանի և երկրի արևելքում գտնվող Բեքաա հովտի հիվանդանոցներ։
Սեպտեմբերի 17-ին Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթյունի հետևանքով տուժել էր ավելի քան 2800 մարդ, 8-ը՝ մահացել։