Wildberries առցանց-ռեթեյլերի համասեփականատեր Վլադիսլավ Բակալչուկին մեղադրանք է առաջադրվել, հայտնել է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ընկերության գրասենյակում տեղի ունեցած հրաձգության հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին:
Ըստ թերթի՝ բացի Բակալչուկից, գործով մեղադրանք է առաջադրվել ևս վեց մեղադրյալի։
Սեպտեմբերի 18-ին Wildberries-ի մոսկովյան գրասենյակում հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով ընկերության անվտանգության 2 աշխատակից էր զոհվել։
ՏԱՍՍ-ը, հղում անելով իրավապահ մարմիններին, գրել էր, որ 20-30 հոգուց բաղկացած տղամարդկանց խումբն սկսել էր կոտրել բիզնես կենտրոնի մուտքի ապակիները, ի պատասխան կրակոցներ էին արձակվել։
Wildberries և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ընկերության գրասենյակ էր փորձել ներխուժել Բակալչուկը՝ անվտանգության աշխատակիցներով: Wildberries-ի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ առաջինը կրակել էին Բակալչուկին ուղեկցող զինված մարդիկ:
Wildberries-ը և Russ-ը հունիսին հայտարարել էին իրենց միավորման մասին, որից հետո Բակալչուկը, որը Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի նախկին ամուսինն է, հայտարարել էր ընտանեկան բիզնեսի ռեյդերային գրավման մասին։ Կինն, իր հերթին, նշել էր, որ դա ոչ թե ռեյդերական զավթում, այլ ամուսնալուծության գործընթացի սկիզբ է։
Russ-ի գործադիր տնօրենը հայազգի գործարար Ռոբերտ Միրզոյանն է։