Իսրայելը երկար ժամանակ է պատրաստվել Լիբանանում պայթյունների գործողություններին, Եվրոպայում ստեղծվել է ֆրոնտային ընկերություն՝ պայթուցիկներով փեյջերներ արտադրելու համար, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Խոսքը հունգարական BAC Consulting-ի մասին է, որը հանդես գալով որպես միջազգային ընկերություն՝ պայմանագիր էր կնքել թայվանական Gold Apollo-ի հետ սարքերի հավաքման համար։ Ենթադրվում է, որ ընկերությունը հանդիսացել է «իսրայելական ճակատի մաս»: Առնվազն երկու այլ ֆրոնտային ընկերություններ ստեղծվել են իսրայելական հետախուզության ներգրավվածությունը թաքցնելու համար»,- գրում է ԶԼՄ-ն:
Կայքին զրուցակիցները հայտնել են, որ Լիբանան մատակարարված գաջեթներում պայթուցիկով լցված մարտկոցներ են գտնվել։ Փեյջերներն սկսել են փոքր քանակությամբ ներմուծվել Լիբանան 2022 թվականի ամռանը, բայց արտադրությունը մեծացել է, երբ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարել է, որ բջջային հեռախոսներն ապահով չեն։
Միևնույն ժամանակ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ երկիրը նոր ուժեր է տեղափոխում Լիբանանի հետ իր հյուսիսային սահման, որտեղ սկսվում է «պատերազմի նոր փուլը»:
«Դա մեզնից պահանջում է քաջություն, վճռականություն և հաստատակամություն»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Իսրայելի ռազմաօդային ուժերի բազայում:
Իր հերթին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է, որ երկրի հյուսիսից տարհանված բնակիչներին կվերադարձնի իրենց տներ։ Իր տեսաուղերձում նա չի ներկայացրել մարդկանց տուն վերադարձնելու ծրագրի մանրամասները։
Սեպտեմբերի 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում «Հեզբոլլահ» շարժման անդամների կողմից օգտագործվող կապի սարքեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ էին պայթել, ինչի հետևանքով 14 մարդ էր զոհվել։
Սեպտեմբերի 17-ին Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթյունի հետևանքով տուժել էր ավելի քան 2800 մարդ, 8-ը՝ մահացել։