Պակիստանի հյուսիսում ականի վրա պայթել է 12 երկրների դեսպաններին ուղեկցող ոստիկանական մեքենա, հայտնում է ՌԲԿ-ն։
Նշվում է, որ մեկ ոստիկան զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել, սակայն դիվանագետներ չեն տուժել։ Պատվիրակության կազմում էր նաև ՌԴ դեսպան Ալբերտ Խորևը։
«Մինգորա քաղաքից հյուրանոց տանող ճանապարհին ականի վրա ուղեկցող մեքենան պայթեցվել է։ Մի քանի ոստիկան վիրավորվել է։ Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները չեն տուժել»,- ասվում է Իսլամաբադում ՌԴ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես Daily Pakistan թերթին պարզաբանել է տեղի ոստիկանությունը, մեքենան պայթել է 12 երկրների դեսպաններին դեպի Մալամ Ջաբբա հանգստավայր ուղեկցելիս։ Պայթյունի ենթադրյալ պատճառը հեռահար արձակված ռումբն է։
Պակիստանյան DawnNews պորտալը հայտնել է, որ մինչ այժմ ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Հարձակումն արդեն դատապարտել է Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին՝ ասելով, որ «ահաբեկիչ տարրերը ոչ միայն երկրի և ազգի, այլև ողջ մարդկության թշնամիներն են»։