Տաջիկստանից ՌԴ տեղափոխված ընտանիքի անդամները, ովքեր Renault Symbol մեքենա են վաճառել Crocus City Hall համերգասրահի վրա հարձակվողներին, իմացել են մոտալուտ ահաբեկչության մասին, հայնել է TACC-ը։
Ըստ թերթի՝ Իսլոմովների ընտանիքի անդամները մեքենան վաճառել են ահաբեկիչներին, իսկ Ալիշեր Կասիմովը նրանց համար բնակարան է վարձակալել։
Ահաբեկիչներին աջակցելու մեջ մեղադրվում են Տաջիկստանից ներգաղթյալներ Դիլովար և Ամինչոն Իսլոմովները, ինչպես նաև նրանց հայրը՝ Իսրոյլ Իսլոմովը։ Եղբայրներից մեկին էլ պատկանել է Renault Symbol մեքենան, որով համերգասրահում հարձակվողները փորձել են փախչել ահաբեկչությունից հետո։ Միաժամանակ, երեքն էլ մեղքը չեն ընդունում։
Ամբաստանյալների փաստաբանները դատարանում հայտարարել են, որ Իսլոմովներն ինքնակամ են եկել քննչական մարմիններ, երբ լրատվամիջոցների տեսագրություններում ճանաչել են իրենց նախկին մեքենան և ցուցմունք տվել մեքենայի վաճառքի հանգամանքների վերաբերյալ։
Մարտի 22-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 144 մարդ։ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել էր ահաբեկչության գործով 8 մեղադրյալի։ Ավելի վաղ ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։
Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել, նա չէր նշել մահացածի անունը։ ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։ Զոհերի թվում էր նաև հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը, որը մարդկանց էր փրկել։