Wildberries ընկերության համասեփականատեր Տատյանա Բակալչուկը փոխել է ազգանունը՝ վերադառնալով օրիորդականին, հայտնել է TACC-ը։ Այժմ նա կրկին Տատյանա Քիմ է։
Փաստաբանները նշել են, որ Քննչական կոմիտեն Բակալչուկի գործողություններում հանցագործություն չի հայտնաբերել։ Հուլիսին նա ամուսնալուծության հայց էր ներկայացրել ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հետ կոնֆլիկտի պատճառով՝ կապված Wildberries-ի և արտաքին գովազդի օպերատոր Russ-ի միաձուլման հետ:
Սեպտեմբերի 19-ին Բակալչուկի ամուսնուն մեղադրանք էր առաջադրվել։ Սեպտեմբերի 18-ին Wildberries-ի մոսկովյան գրասենյակում հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով ընկերության անվտանգության 2 աշխատակից էր զոհվել։ Դատարանը կալանավորել էր Մոսկվայի կենտրոնում գտնվող Wildberries-ի գրասենյակում հրաձգության գործով 6 մեղադրյալի։
20-30 հոգուց բաղկացած տղամարդկանց խումբը կոտրել էր բիզնես կենտրոնի մուտքի ապակիները, ի պատասխան՝ կրակոցներ էին արձակվել։
Wildberries և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ընկերության գրասենյակ էր փորձել ներխուժել Բակալչուկը՝ անվտանգության աշխատակիցներով: Wildberries-ի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ առաջինը կրակել էին Բակալչուկին ուղեկցող զինված մարդիկ:
Wildberries-ը և Russ-ը հունիսին հայտարարել էին իրենց միավորման մասին, որից հետո Բակալչուկը, որը Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի նախկին ամուսինն է, հայտարարել էր ընտանեկան բիզնեսի ռեյդերային գրավման մասին։ Կինն, իր հերթին, նշել էր, որ դա ոչ թե ռեյդերական զավթում, այլ ամուսնալուծության գործընթացի սկիզբ է։
Russ-ի գործադիր տնօրենը հայազգի գործարար Ռոբերտ Միրզոյանն է։