Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ֆրանսիացի քննիչներին հայտնել է, որ տարեկան վաստակում է ընդամենը մեկ ԱՄԷ դիրհամ (0,27 դոլար կամ 105,47 դրամ), գրել է Le Monde-ը։
«Պավել Դուրովն ասկետ է։ Ամեն դեպքում՝ նա սիրում է իրեն այդպես ներկայացնել։ Հարցաքննության ժամանակ նա քննիչներին ասել է, որ տարեկան վաստակում է ընդամենը մեկ էմիրաթական դիրհամ, ինչը տարակուսանքի մեջ է գցել նրանց»,- ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականը հիշեցրել է, որ Դուրովը մոտ 300 մլն եվրո է ստացել VKontakte-ում իր բաժնետոմսերի վաճառքից։ Նրան պատկանող Telegram մեսենջերը որոշ ներդրումային հիմնադրամների կողմից գնահատվում է 30 միլիարդ դոլար:
Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Պավել Դուրովն զբաղեցնում է 122-րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվում է 15,5 միլիարդ դոլար։ Bloomberg-ը Telegram-ի հիմնադրի կարողությունը գնահատում է 9,07 միլիարդ դոլար, նշել է լրատվականը։
Դուրովին ձերբակալել էին օգոստոսի 24-ին՝ Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում, ուր նա Բաքվից ժամանել էր մասնավոր ինքնաթիռով: Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։ Telegram-ի հիմնադրի կալանքի ժամկետը լրացել էր օգոստոսի 28-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել՝ Ֆրանսիայից չմեկնելու պայմանով։
Սեպտեմբերի 6-ին Դուրովը մեկնաբանել էր իր ձերբակալությունը՝ շեշտելով, որ ոչ մի նորարար երբեք չի ստեղծի գործիքներ, եթե իմանա, որ կարող է անձամբ պատասխանատվություն կրել դրանց հնարավոր չարաշահման համար: