Հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի Moored Boats («Գետի տեսարանը՝ թիանավակներով», 1887թ․) կտավը Christie’s աճուրդում վաճառվել է 27,6 մլն դոլարով, հայտնել է Scmp-ը:
Աճուրդը տեղի է ունեցել Չինաստանի Հոնկոնգ քաղաքում։ Կտավը վաճառվել է ավելի ցածր գնով, քան սպասում էին փորձագետները, հայտնել է կայքը։
Նկարը պատկանում էր Բուրբոն-Սիցիլիացի Կառլոյի կնոջը՝ Կամիլային։ Փորձագետներն ակնկալում էին, որ նկարը կարող է վաճառվել 29,6-48,8 միլիոն դոլարով: Վան Գոգի աշխատանքն աճուրդի ամենաթանկ լոտն էր։
Լրատվականը նշել է, որ Christie’s-ի առաջին աճուրդում շատ գլուխգործոցներ վաճառվել են սպասվածից ցածր արժեքով։ Աճուրդի տան հիմնական շահույթը 2024 թվականի առաջին կիսամյակում նվազել է 88%-ով։ Christie’s-ի ասիական ստորաբաժանումը նույնպես վաճառքի անկում է գրանցել։