Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է «Հեզոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանության մասին, գրում է The Times of Israel-ը։
Ըստ հաղորդագրության՝ Նասրալլան սպանվել է նախօրեին՝ Իսրայելի կողմից Բեյրութին հասցված թիրախային ավիահարվածի արդյունքում։ Նշվում է, որ նրա հետ միասին սպանվել են նաև «Հեզբոլլահի» մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ։
«Գործելով ճշգրիտ հետախուզական տեղեկատվության հիման վրա՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են «Հեզբոլլահի» կենտրոնական շտաբի վրա, որը գտնվում է Բեյրութի Դահիյա թաղամասում գտնվող բնակելի շենքի տակ»,- հայտնել է իսրայելական բանակը:
Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ Բեյրութին հարվածելու հրամանն անմիջապես ԱՄՆ-ից տվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որից հետո նա լքել է ՄԱԿ-ի վեհաժողովը և վերադարձել հայրենիք։
«Հեզոլլահ»-ը դեռ պաշտոնապես չի հաստատել լուրը, սակայն Նասրալան ավիահարվածից հետո այլևս կապի դուրս չի եկել։
Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:
Սեպտեմբերի 27-ին Al Jazeera-ն հայտնել էր, որ Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հատել է 700-ը։