78 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը։
Նշվում է, որ արտիստը մահացել է այսօր՝ մայրաքաղաքի կլինիկաներից մեկում։ Մահվան պատճառ են հանդիսացել կաթվածից հետո առաջացած բարդությունները։
Սեպտեմբերի վերջին Դոբրինինը ծանր վիճակում հոսպիտալացվել էր՝ ինսուլտի ախտանշաններով։ Նախկինում արտիստն արդեն երկու ինսուլտ էր տարել։ Առողջության վատթարացման պատճառով նա մի քանի տարի ելույթ չէր ունենում։
Դոբրինինը հայտնի է որպես բազմաթիվ հայտնի երգերի երաժշտության հեղինակ, որոնք կատարել են ճանաչված երգիչներ։ Երգեր է գրել Ալլա Պուգաչովայի, Միխայիլ Բոյարսկու, Լև Լեշչենկոյի, Իրինա Ալեգրովայի, Նադեժդա Կադիշևայի, Վալենտինա Տոլկունովայի և մի շարք խմբերի համար։
Ընդհանուր առմամբ՝ գրել է շուրջ հազար երգ, թողարկել է 17 ալբոմ։ Դոբրինինն Ovation, Golden Gramophone և այլ երաժշտական մրցանակների բազմակի դափնեկիր է:
Երգչի հայրը փոխգնդապետ, ծնունդով Արցախից Գալուստ Հովհաննեսի Պետրոսյանն է, մայրը՝ ռուս բուժքույր Աննա Իվանովնա Անտոնովան․ երկուսն էլ պատերազմի մասնակիցներ են: Ինքը՝ Դոբրինինը, երբեք չի կրել Պետրոսյան ազգանունը։ Կոմպոզիտորն այդպես էլ չի ծանոթացել հոր հետ։