Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «տասնյակ» հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է Tasnim-ը:
Կորպուսի հայտարարության մեջ ասվում է, որ տասնյակ բալիստիկ հրթիռներ են արձակվել «իսրայելական կարևոր ռազմական և անվտանգության օբյեկտների ուղղությամբ»: Նշվում է, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանությունների։
Կորպուսը նաև նշել է, որ եթե Իսրայելը մտադիր է ռազմական պատասխան տալ Իրանի գործողությանը, ապա ստիպված կլինի դիմակայել հետագա «ջախջախիչ և ավերիչ հարվածներին»:
Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը տվել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Աղբյուրը հավելել է, որ Խամենեին մնում է անվտանգ վայրում։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել էր Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին։