Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն իր օրինական իրավունքներն է օգտագործել՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով պատասխան հրթիռային հարձակում իրականացնելով իսրայելական թիրախների դեմ, հայտնում է Tasnim-ը։ Նա նաև Իսրայելին զգուշացրել է խուսափել Իրանի հետ բախումից:
Ըստ Փեզեշքիանի՝ «վճռական պատասխան» է տրվել իսրայելական ռեժիմի ագրեսիվ գործողություններին՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու նպատակով:
«Այս միջոցը նպատակ ուներ պաշտպանել Իրանի շահերն ու անհատներին»,- ընդգծել է նախագահը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ անելով Իրանի հետ բախում չսկսել։
Հակոտեմբերի 1-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանության։
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են գործել և խոցել են Իսրայելի վրա արձակված իրանական 180 հրթիռներ։ Ըստ նրանց՝ իրանական հրթիռակոծության արդյունքում Թել Ավիվի տարածքում երկու մարդ թեթև բեկորային վնասվածք էր ստացել։ Իսրայելը նաև հայտարարել էր «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին։