Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը սկսել է քննարկել ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության պահանջը՝ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի իմպիչմենթի վերաբերյալ, հայտնել է Le Figaro թերթը։
Նրա տեղեկություններով՝ «73 պատգամավորից բաղկացած հանձնաժողովում քվեարկությունը տեղի կունենա կեսօրից հետո»։
Ինչպես պարզաբանվում է հրապարակման մեջ, անկախ քվեարկության արդյունքից՝ «բանաձևի նախագիծը պետք է այնուհետև 13 օրվա ընթացքում քննարկվի խմբակցությունների ղեկավարների համաժողովում՝ նախքան պալատի լիագումար նիստին ներկայացնելը»։
Միևնույն ժամանակ՝ Le Figaro-ն կարծում է, որ «Անհնազանդ Ֆրանսիայի» նախաձեռնությունը կյանքի կոչվելու քիչ հնարավորություն ունի, քանի որ դրա ընդունումը պահանջում է Ֆրանսիայի պատգամավորների և սենատորների 2/3-ի հավանությունը։
Սեպտեմբերի 17-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հավանություն էր տվել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին բանաձևի նախագծին։