Թեհրանը պատրաստ է ավելի հզոր պատասխան տալ Թել Ավիվին՝ Իրանի վրա հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք ավելի ուժեղ և կոշտ կպատասխանենք, եթե Իսրայելը պատասխանի մեզ»,- ասել է նա։
Իրանի նախագահի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումը չի բխում եվրոպացիների և Միացյալ Նահանգների շահերից, և «այն, ինչ անում է սիոնիստական միավորումը, բռնության շրջանակի ընդլայնումն է»։
Նա հավելել է, որ Թեհրանը պատերազմի չի ձգտում, սակայն Թել Ավիվը ստիպում է պատասխանել իր գործողություններին։
Հակոտեմբերի 1-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանության։
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են գործել և խոցել են Իսրայելի վրա արձակված իրանական 180 հրթիռներ։ Ըստ նրանց՝ իրանական հրթիռակոծության արդյունքում Թել Ավիվի տարածքում երկու մարդ թեթև բեկորային վնասվածք էր ստացել։ Իսրայելը նաև հայտարարել էր «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին։