Բեյրութի հարավային արվարձաններում իսրայելական օդուժի գիշերային ավիահարվածի նպատակը շիական «Հեզբոլլահ» խմբավորման ենթադրյալ նոր գլխավոր քարտուղար Հաշեմ Սաֆիեդդինին սպանելն էր, գրել է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Կայքի տեղեկությամբ՝ ռմբակոծության պահին Սաֆիեդդինը բունկերում հանդիպում է անցկացրել «Հեզբոլլահի» բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Իսրայելական հարձակման արդյունքները դեռ պարզ չեն։ Կողմերը պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել։
Լիբանանի հարավում ցամաքային գործողության ընթացքում իսրայելական հիմնական թիրախը լեռնաշղթան է, որը գտնվում է սահմանից մոտ 5 կիլոմետր հյուսիս, ABC հեռուստաընկերությանը հայտնել են անվտանգության աղբյուրները:
Լրատվականի պարզաբանմամբ՝ խոսքը այն լեռնաշղթայի մասին է, որտեղից շիական «Հեզբոլլահ» շարժումը հնարավորություն ունի հարձակվել Իսրայելի վրա, այդ թվում՝ հակատանկային հրթիռներով։
Օգոստոսի 17-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում ոչնչացրել են շիական «Հեզբոլլահ» շարժման «Ռադվան» հատուկ նշանակության գումարտակի հրամանատարին։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։