Wildberries ընկերության հիմնադիր Տատյանա Կիմի նախկին ամուսինը՝ ընկերության համասեփականատեր Վլադիսլավ Բակալչուկը, նախկին կնոջ և RVB ՍՊԸ-ի (Russ գովազդային օպերատոր) դեմ ավելի քան 350 միլիարդ ռուբլու հայց է ներկայացրել, գրում է Forbes-ը։
Բակալչուկն ապօրինի է համարել Wildberries-ի ակտիվները RVB-ին փոխանցելու գործարքները և պահանջել է անվավեր ճանաչել դրանք։ Նա նշել է, որ «ապօրինի փոխանցված ակտիվների» գումարը կազմում է ավելի քան 350 միլիարդ ռուբլի:
Նրա խոսքով՝ ակտիվները փոխանցելու գործարքները կատարվել են «հսկայական խախտումներով»։
«Փաստաթղթերի ուսումնասիրման ընթացքում պարզ է դարձել, որ Wildberries-ի ակտիվները RVB-ին փոխանցելու վերաբերյալ գործարքներն անվավեր են և անօրինական»,- ասել է Բակալչուկը։
Սեպտեմբերի 18-ին Wildberries-ի մոսկովյան գրասենյակում հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով ընկերության անվտանգության 2 աշխատակից էր զոհվել։ Դատարանը կալանավորել էր Մոսկվայի կենտրոնում գտնվող Wildberries-ի գրասենյակում հրաձգության գործով 6 մեղադրյալի։ Սեպտեմբերի 19-ին Բակալչուկին մեղադրանք էր առաջադրվել։
Wildberries և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ընկերության գրասենյակ էր փորձել ներխուժել Բակալչուկը՝ անվտանգության աշխատակիցներով: Wildberries-ի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ առաջինը կրակել էին Բակալչուկին ուղեկցող զինված մարդիկ:
Wildberries-ը և Russ-ը հունիսին հայտարարել էին իրենց միավորման մասին, որից հետո Բակալչուկը, որը Wildberries-ի հիմնադիր Կիմի նախկին ամուսինն է, հայտարարել էր ընտանեկան բիզնեսի ռեյդերային գրավման մասին։ Կինն, իր հերթին, նշել էր, որ դա ոչ թե ռեյդերական զավթում, այլ ամուսնալուծության գործընթացի սկիզբ է։
Russ-ի գործադիր տնօրենը հայազգի գործարար Ռոբերտ Միրզոյանն է։