Սեպտեմբերի 27-ին Բեյրութի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհված Լիբանանի շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան գաղտնի հուղարկավորվել է ժամանակավոր գաղտնի վայրում, Sky News Arabia-ին հայտնել է կազմակերպությանը մոտ կանգնած աղբյուրը։
Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է ելնելով մտավախությունից, որ Նասրալլայի հուղարկավորության արարողությունը կարող է դառնալ իսրայելական օդային հարձակման թիրախ։
«Հասան Նասրալլան թաղվել է ժամանակավոր վայրում, քանի դեռ ի հայտ չեն եկել այնպիսի հանգամանքներ, որոնք թույլ կտան հրապարակային հուղարկավորություն անցկացնել»,- նշել է աղբյուրը։
Սեպտեմբերի 28-ին Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել էր «Հեզոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանության մասին։
Հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանության։
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են գործել և խոցել են Իսրայելի վրա արձակված իրանական 180 հրթիռներ։ Ըստ նրանց՝ իրանական հրթիռակոծության արդյունքում Թել Ավիվի տարածքում երկու մարդ թեթև բեկորային վնասվածք էր ստացել։ Իսրայելը նաև հայտարարել էր «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին։