Իսրայելի պաշտպանության բանակը հզոր պայթյունի պատճառով չի կարողացել մոտենալ լիբանանա-իսրայելական սահմանի մոտ գտնվող Օդայսե գյուղին, ինչի հետևանքով սպանվել և վիրավորվել են մի քանի իսրայելցի զինվորներ, հայտարարել է Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երբ թշնամու իսրայելական հետևակը փորձել է առաջ շարժվել դեպի Օդայսե գյուղի ծայրամասերը, տեղի է ունեցել հզոր պայթյուն, և նրանք ստիպված նահանջել են՝ տալով զոհեր և վիրավորներ»,- ասված է հաղորդագրությունում։
Իսրայելցի զինվորականները, ըստ հայտարարության, գիշերվա ընթացքում առնվազն երկու անգամ փորձել են գյուղ մտնել, սակայն ստիպված նահանջել են։ «Հըզբոլլահ»-ը նաև հայտնել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել իսրայելական զինվորականների կենտրոնակայանին՝ սահմանային Քֆար Գիլադի, Յուվալ և Յարոն բնակավայրերում:
Սեպտեմբերի 28-ին Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել էր «Հեզոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանության մասին։
Հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանության։
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են գործել և խոցել են Իսրայելի վրա արձակված իրանական 180 հրթիռներ։ Ըստ նրանց՝ իրանական հրթիռակոծության արդյունքում Թել Ավիվի տարածքում երկու մարդ թեթև բեկորային վնասվածք էր ստացել։ Իսրայելը նաև հայտարարել էր «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին։