Իսրայելն իրավունք ունի և պարտավոր է արձագանքել Իրանի հրթիռային հարձակմանը և մտադիր է դա անել, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Իրանը երկու անգամ հարյուրավոր հրթիռներ է արձակել մեր տարածքի և մեր քաղաքների վրա։ Իսրայելը չի հանդուրժի նման հարձակում, պարտավոր է պաշտպանվելու և պատասխանելու այդ հարձակումներին, և այդպես էլ կարվի»,- ասել է կառավարության ղեկավարը։
Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ Իսրայելն «ուժեղ, խիզախ և բարոյական բանակով ուժեղ պետություն է»։
«Պետություն, որը վճռական է պաշտպանել իրեն ցանկացած սպառնալիքից: Սա ներառում է սպառնալիք Իրանից, որը կանգնած է մեր դեմ ուղղված բոլոր հարձակումների հետևում. Գազայից, Լիբանանից, Եմենից, Իրաքից, Սիրիայից և, իհարկե, հենց Իրանից»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը խոստովանել էր, որ իրանական հրթիռները խոցել են երկու ավիաբազա։
«Իրանական հրթիռները հարվածել են իսրայելական ռազմաօդային ուժերի երկու բազաներին, սակայն ոչ մի ինքնաթիռ չի տուժել»,- Իսրայելի պաշտպանության բանակի բրիգադային գեներալ Դանիել Հագարիի խոսքեր էր մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանության։
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են գործել և խոցել են Իսրայելի վրա արձակված իրանական 180 հրթիռներ։ Ըստ նրանց՝ իրանական հրթիռակոծության արդյունքում Թել Ավիվի տարածքում երկու մարդ թեթև բեկորային վնասվածք էր ստացել։ Իսրայելը նաև հայտարարել էր «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին։