ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ հոկտեմբերի 5-ի նախընտրական հավաքին մասնակցել է միլիարդատեր Իլոն Մասկը, գրում է Associated Press-ը։
Հանրահավաքը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի արևմտյան ծայրամասում։
Նշվում է, որ Թրամփը կանգնել է պաշտպանիչ ապակու հետևում։ Նա իր դեմ մահափորձ կատարած անձին «դաժան հրեշ» է անվանել՝ ընդգծելով, որ իրեն չեն կարողացել սպանել նախախնամության և Աստծո կամքով։
Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ում հայտնել էին Թրամփի դեմ երկրորդ մահափորձի մասին։ Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում՝ նախընտրական հանրահավաքի ժամանակ, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ առաջին մահափորձն էր իրականացվել։ Փամփուշտը վնասել էր նրա աջ ականջի վերին հատվածը։ Թրամփի ուղղությամբ կրակողն սպանվել էր, զոհվել էր հանրահավաքի մասնակիցներից մեկը, վիրավորվել՝ 2 քաղաքացի։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։