Թեհրանը ծրագրեր է մշակել Իրանի դեմ Իսրայելի հնարավոր գործողությունների դեպքում, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ռեզա Թանգսիրին, հաղորդում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է դուրս գալ ցանկացած իրավիճակից։
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրակի հետ է խաղում։ Մենք մշակել ենք հակառակորդին դիմագրավելու մի քանի սցենար»,- ասել է Թանգսիրին։
Գործակալությունը, հղում անելով Իրանի զինված ուժերում իր աղբյուրին, հայտնել է նաև, որ Թեհրանը պատրաստ է արձագանքել Իսրայելի հնարավոր գործողություններին։
«Եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի, ապա կասկած չի լինի, որ Իրանը պատասխան հարված կհասցնի»,- մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքերը։
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։