Իսրայելը Լիբանանի հարավ-արևմուտքում սկսել է սահմանափակ և տեղային գործողություններ իրականացնել շիական «Հեզբոլլահ» շարժման դեմ, հայտնել է «ՏԱՍՍ»-ը։
«Երեկ 146-րդ դիվիզիան սկսել է սահմանափակ, տեղային, նպատակային օպերատիվ գործողություններ Լիբանանի հարավ-արևմուտքում գտնվող «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների և ահաբեկչական օբյեկտների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ դիվիզիան պաշտպանական գործողություններ էր իրականացրել Իսրայելի և Լիբանանի հյուսիսարևմտյան սահմանին։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով Գազայում, ընդհանուր առմամբ, զոհերի թիվը գերզանցել էր 40 հազարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։
Հոկտեմբերի 1-ին Իսրայելի բանակը հայտարարել էր, որ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են գործել և խոցել են Իսրայելի վրա արձակված իրանական 180 հրթիռներ։ Ըստ նրանց՝ իրանական հրթիռակոծության արդյունքում Թել Ավիվի տարածքում երկու մարդ թեթև բեկորային վնասվածք էր ստացել։ Իսրայելը նաև հայտարարել էր «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին։