ԵՄ երկրները համաձայն են ներգաղթյալների անօրինական հոսքի դեմ պայքարի ավելի կոշտ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը, հայտնել է Financial Times-ը։
Ըստ կայքի՝ հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովի օրակարգում, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ։
Կայքի տեղեկությամբ՝ քննարկումների կիզակետում այնպիսի տարբերակներ են, ինչպիսիք են երրորդ երկրներին վճարումը ԵՄ մուտք գործելու ցանկություն ունեցող անձանց ընդունելու համար, և ապաստան ստանալուց մերժված ներգաղթյալներին համայնքից դուրս գտնվող հատուկ կենտրոններ ուղարկելը՝ արտաքսման սպասելու նպատակով։
Սակայն, ինչպես նշում են լրատվականի աղբյուրները, այս պահին եվրոպական իշխանությունները վստահություն չունեն, որ երրորդ երկրները կհամագործակցեն ԵՄ-ի հետ նման մեխանիզմների շրջանակներում։ Բացի այդ, անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է նման միջոցառումներ իրականացնել՝ չխախտելով միջազգային իրավունքը և Եվրամիության օրենսդրությունը։
ԵՄ համապատասխան փաստաթղթի նախագծում, որը հրապարակման ենթակա է, հաստատված է «միջազգային իրավունքին համապատասխան անօրինական միգրացիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի նոր ուղիների մշակման» անհրաժեշտությունը։