Իլոն Մասկը Tesla-ի մի քանի նորույթների շնորհանդես է անցկացրել։ Ընկերության գլխավոր տնօրենը ցուցադրել է Cybercab ռոբոտաքսիի և Robovan առանց վարորդ ավտոբուսի նախատիպերը: Ներկայացվել է նաև Optimus մարդանման օգնական ռոբոտի թարմացված տարբերակը, տեղեկացնում է Bloomberg-ը։
Cybercab ռոբոտաքսին կարող է շուկա դուրս գալ 2026 թվականին, ասել է Մասկը։ Հայտարարվել է, որ առանց ոտնակների և ղեկի տրանսպորտային միջոցի արժեքը, որը կարող է տեղավորել երկու ուղևոր, կկազմի 30 հազար դոլարից պակաս:
Մասկը նաև ցուցադրել է Robovan առանց վարորդ ավտոբուսի ֆուտուրիստական կոնցեպտը:
Մասկի խոսքով՝ Optimus մարդանման ռոբոտները կարող են տանը կատարել կենցաղային բոլոր խնդիրները՝ զբոսնել շան հետ, փոխել մեքենայի անիվները, ջրել ծաղիկները, խմիչքներ լցնել, երեխաներին հետևել և ոչ միայն։