Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Փի Դիդիի (Շոն Քոմբս) դատավարությունը կսկսվի 2025 թվականի մայիսի 5-ին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Դատավարությունը տեղի կունենա Նյու Յորքում:
Հինգշաբթի օրը կայացած նախնական նիստում Դիդին իրեն մեղավոր չի ճանաչել: Դատախազ Էմիլի Ջոնսոնը հայտարարել է, որ մեղադրող կողմի կարծիքով՝ ռեփերի դատավարությունը կտևի մոտ երեք շաբաթ:
Նախօրեին Կոմբսի փաստաբանները մեղադրել են դատախազներին և ԱՄՆ դաշնային գործակալությունների աշխատակիցներին նրա գործով տեղեկատվության արտահոսքի համար, ինչը հանգեցրել է «կործանարար, ծայրահեղ կողմնակալ մինչդատական հրապարակման»: Իրավաբանները հայտարարել են, որ հատուկ ծառայությունների աշխատակիցներն իբր անօրինական կերպով CNN-ին են փոխանցել 2016 թվականի տեսանյութը, որտեղ Դիդին ծեծում է իր նախկին ընկերուհուն՝ Կասսի Վենտուրային: Այն հրապարակվել էր այս տարվա մայիսին։
Փի Դիդիին ձերբակալել են Նյու Յորքում՝ սեպտեմբերի 16-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի, հանցավոր գործունեության կազմակերպման և մարմնավաճառության մեջ ներգրավելու համար: Փի Դիդին բանտում կլինի մինչև դատավարության ավարտը։ Նրան երկու անգամ մերժել են գրավի դիմաց ազատ արձակել։
2023 թվականի նոյեմբերից ռեփերի դեմ տասը հայց էր ներկայացվել։ Մասնավորապես, նրան մեղադրել են բռնաբարության, ինչպես նաև անչափահասի խմբակային բռնաբարությանը մասնակցելու մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փի Դիդիին սպառնում է ավելի քան 100 նոր հայց սեռական բռնության և շահագործման վերաբերյալ: 25 անձինք, ովքեր, ամենայն հավանականությամբ, դատական հայց կներկայացնեն, ենթադրյալ հանցագործությունների պահին անչափահաս էին: Զոհերից ամենաերիտասարդը 9-ամյա տղա է։