ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսը և նրա հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփն ընտրությունների օրվանից երեք շաբաթ առաջ հայտնվել են լուրջ մրցավազքի մեջ, քանի որ յոթ որոշիչ նահանգներում միջին տարբերությունը 1%-ից պակաս է, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ փոխնախագահ Հարիսն առաջատար է 1,7%-ով՝ ըստ վերջին տասը հարցումների միջին ցուցանիշի։ Հարիսի խորհրդական Դեյվիդ Փլուֆն ասել է, որ մրցավազքը բոլոր յոթ նահանգներում գործնականում հավասար է։
Թեկնածուները պայքարում են 538 ընտրական ձայներից առնվազն 270-ը շահելու համար, իսկ հաղթողին կորոշեն 7 նահանգների արդյունքները: Այդ նահանգներում միջին տարբերությունը կազմում է ընդամենը 0,7%, ընդ որում՝ Թրամփն առաջատար է դրանցից 6-ում:
Ամերիկյան նախագահական ընտրությունների հաղթողը չի որոշվում պարզ մեծամասնական ընտրակարգով, երբ պաշտոնը տրվում է նրան, ում օգտին տրվել են ամենաշատ քվեները: Նախագահ դառնալու համար պետք է ապահովել 270 ընտրական ձայն:
Օգոստոսի 6-ին Հարիսը պաշտոնապես առաջադրվել էր որպես ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
Հուլիսի 21-ին գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
Հուլիսի 27-ին Հարիսը հայտարարել էր որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։