Թուրքիան մեծ է համարում Իսրայելի և Իրանի միջև հակամարտության հավանականությունը, Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայումս մենք կանգնած ենք իրադարձությունների միախառնման մեջ՝ պաղեստինցիների ցեղասպանությունը Գազայում, Լիբանանը, հնարավոր պատերազմի հավանականությունն Իսրայելի և Իրանի միջև։ Ցավոք, այս հարցը միահյուսված է պաղեստինյան խնդրի հետ»,- հավելել է Ֆիդանը։
Նրա կարծիքով՝ պետությունների մեծ մասն ստեղծված իրավիճակում դեռ ի վիճակի չէ որոշակի դիրքորոշում որդեգրել։
«Թուրքիան շատ լուրջ նախազգուշացումներ է անում այս կապակցությամբ՝ հաղորդագրություններ փոխանցելով և գաղտնի տեղեկատվություն տարածելով», – ասել է Ֆիդանը։
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։ Հոկտեմբերի 17-ին Իսրայելը հաստատել էր Սինվարի մահը։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։