ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունից հետո շարժման արտասահմանյան ներկայացուցչության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է Խալեդ Մեշալը, հայտնել է LBCI լիբանանյան լրատվական պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Աղբյուրները հաստատել են, որ Մեշալը կկատարի շարժման ղեկավարի պաշտոնակատարի աշխատանքը և այժմ պատասխանատու է պատանդների հետ կապված բանակցություններում ներգրավված առանցքային կողմերի հետ բոլոր հաղորդակցությունների համար:
Հոկտեմբերի 17-ին Իսրայելը հաստատել էր Սինվարի մահը, իսկ ավելի ուշ հայտնել էր, որ նրան ոչնչացրել են Գազայի հատվածի հարավում իրականացված գործողության ընթացքում:
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։