Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պնդում է, որ Գազայի հատվածի հյուսիսի բնակչությունը վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե ամբողջությամբ զրկվել է մարդասիրական օգնությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով շարժման ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին։
«Խղճուկ օգնությունը հասել է Գազա քաղաքի [անկլավի վարչական կենտրոնի] միայն որոշ շրջաններ, սակայն ավելի քան երկու շաբաթ է, ինչ մարդասիրական օգնություն չի հասնում գոտու հյուսիսային հատված»,- ասել է խմբավորման ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ «կտրելով Գազայի հյուսիսում գտնվող կապը և ինտերնետը՝ Իսրայելի իշխանությունները փորձում են թաքցնել իրենց կատարած հանցագործությունները, փորձում են մեկուսացնել այնտեղ ապրող պաղեստինցիներին և կանխել անկլավի հյուսիսում տիրող իրավիճակի մասին իրական տեղեկության տարածումը»։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն անկլավի հյուսիսում ստեղծված իրավիճակի հետևանքների համար մեղադրել է «ԱՄՆ ներկայիս վարչակազմին, ինչպես նաև այլ երկրների, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիային և Գերմանիային, որոնք շարունակում են աջակցել օկուպացիոն իշխանություններին, այդ թվում՝ զենքի նոր խմբաքանակներ մատակարարելով»։
Հոկտեմբերի 17-ին Իսրայելը հաստատել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը, իսկ ավելի ուշ հայտնել էր, որ նրան սպանել են Գազայի հատվածի հարավում իրականացված գործողության ընթացքում։ Սինվարի սպանությունից հետո ՀԱՄԱՍ-ի նոր ղեկավար էր նշանակվել Խալեդ Մեշալը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինված կողմնակիցների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել էր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240 պատանդ վերցնելով։ Ի պատասխան՝ Իսրայելը անկլավում գործողություն էր սկսել՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմաքաղաքական կառույցը և ազատ արձակել բոլոր առևանգվածներին։ Գազայի հատվածում մարտերը շարունակվում են մինչ օրս։
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո:
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։