ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին՝ հայտարարելով, որ Թեհրանը «բարձր գին կվճարի Իսրայելին վնասելու փորձերի համար», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Քանի դեռ Իրանը կշարունակի սպառնալ և փորձել վնասել մեզ, բարձր գին կվճարի»,- նշել է Դանոնը:
Իսրայելը կշարունակի պաշտպանել իրեն բոլոր հնարավոր միջոցներով, հավելել է նա:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը Շվեյցարիային՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահի, խնդրել էր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ կապված Իսրայելի հարվածի հետ: Անվտանգության նիստը կանցկացվի հոկտեմբերի 28-ին։
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության ուժերն ավիահարվածներ էին հասցրել Իրանում հրթիռների արտադրության օբյեկտներին և նրա «երկիր-օդ» հրթիռների տեղամասերին։ Գործողությունը ստացել էր «Ապաշխարության օրեր» ծածկանունը։
Հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարձակում էր իրականացրել Իսրայելի վրա։ Հարվածի ժամանակ արձակվել էր շուրջ 180-200 հրթիռ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը պատասխան կստանա։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանը հայտարարել էր Իսրայելի հնարավոր գործողություններին արձագանքելու ծրագրերի նախապատրաստման մասին։