Գազայի հատվածում՝ վերջին 24 ժամվա ընթացքում, իսրայելական բանակի հարվածների հետևանքով առնվազն 70 պաղեստինցի է զոհվել, հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ զոհերից 45-ը հյուսիսային շրջանների բնակիչներ են։ Վիրավորների թվի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր տարածաշրջանում 37 մահվան մասին՝ նշելով, որ նրանցից 25-ը զոհվել է հյուսիսում։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից անկլավում հակամարտության զոհ է դարձել 43,4 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ 102,3 հազարը։
Հակոտեմբերի 1-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանության։ Հարվածի ժամանակ արձակվել էր շուրջ 180-200 հրթիռ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը պատասխան կստանա։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանը հայտարարել էր Իսրայելի հնարավոր գործողություններին արձագանքելու ծրագրերի նախապատրաստման մասին։ Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության ուժերն ավիահարվածներ էին հասցրել Իրանում հրթիռների արտադրության օբյեկտներին և նրա «երկիր-օդ» հրթիռների տեղամասերին։ Գործողությունն ստացել էր «Ապաշխարության օրեր» ծածկանունը։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։