Նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ն կարող է դիտարկել Իրաքից և Սիրիայից իր ռազմական կոնտինգենտը դուրս բերելու հարցը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Ընտրություններից հետո ԱՄՆ-ն կարող է քննարկել զորքերն Իրաքից և Սիրիայից դուրս բերելու հարցը: Նրանք չեն ցանկանում իրենց ռազմական ներկայությունը տարածաշրջանում, որը գտնվում է Իրանի ազդեցության գոտում: Քանի դեռ այնտեղ են ամերիկյան զորքերը, նրանք բաց են հարձակումների համար»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն քննարկում է 2025 թվականին Բաղդադի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում Իրաքից զորքերը դուրս բերելու հարցը, իսկ 2026 թվականին՝ Քրդստանից։
Ֆիդանը նաև ասել է, որ օրակարգում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ապագան՝ պայքարելու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ, որն ստեղծվել է 2014 թվականին։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 78 միլիոն ամերիկացի․ շուրջ 42,6 մլն-ն անձամբ էր այցելել ընտրատեղամաս, մոտ 35,3 մլն-ը քվեարկել էր փոստային տարբերակով։