Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը կվերսկսեն աշխատանքը «3+3» ձևաչափով, Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է Հարավային Կովկասում իրավիճակը կարգավորելու համար։
«Մենք ակնկալում ենք, որ [Ստամբուլում] նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա»,- ասել է Շոյգուն։
Նա նաև ԱՊՀ երկրներին կոչ է արել ավելի սերտորեն համակարգել Արևմուտքին հակազդելու ջանքերը, որոնք, ըստ նրա, ուղղված են այլ երկրների «թվային ստրկացմանը»։
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել էր «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Նույն օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան առաջարկել են Երևանին և Բաքվին օգտագործել «3+3» հարթակը խաղաղ պայմանագրի նախագծի վրա աշխատանքն ավարտելու համար։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, անվտանգության փորձագետ Տիգրան Աբրահամյանն Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել էր հայ-ադրբեջանական խաղաղության կարգավորումները և հայտարարել, որ Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ ցանկացած բանակցային գործընթաց ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ պայմանավորվածությունները ձեռք են բերվում ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի ու Արցախի տարածքների շահերը։