Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին (COP29) Ռուսաստանը կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ այդ միջոցառմանն իրեն հրավիրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հրավիրել է, վերջերս այնտեղ էի։ Նախագահ Ալիևի հետ մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միշուստինը կմասնակցի այդ միջոցառմանը»,- ասել է Պուտինը։
Ռդ նախագահն օգոստոսի 18-19-ը պաշտոնական այցով գտնվել էր Ադրբեջանում։
Հոկտեմբերի 18-ին BBC-ն, վկայակոչելով Ադրբեջանի կառավարությանը, հայտնել էր, որ Պուտինը չի ժամանի Բաքու՝ մասնակցելու COP29-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ը կլիմայական գագաթնաժողովին՝ երկրում ներքաղաքական ճգնաժամի հետ կապված։ Համաժողովին չեն մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նոյեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ պաշտոնական Թեհրանը հաստատել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մասնակցությունը գագաթնաժողովին։
Հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Հայաստանին ՄԱԿ-ի համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել։ Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի համաժողովին Հայաստանի մասնակցության հարցի վերաբերյալ վերջնական որոշում չկա։