Վաշինգտոնն ու Թեհրանն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում կարող են դիվանագիտական համաձայնության գալ, գրել է The Wall Street Journal-ը։
Ըստ լրատվականի՝ Թրամփի նախագահության առաջին շրջանում նրա հետ աշխատած մարդիկ չեն բացառում ԱՄՆ-Իրան հարաբերությունների նման զարգացումը։ Միևնույն ժամանակ, ինչպես լրատվականին հայտնել է Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Մալրոյը, Թրամփը սիրում է գործարքներ կնքել, բայց միայն այն դեպքում, եթե «դա իր գործարքն է»։
Ըստ ամսագրի աղբյուրների՝ Թրամփը նախատեսում է լրջորեն խստացնել պատժամիջոցների ճնշումն Իրանի վրա և դադարեցնել նավթ մատակարարելու նրա հնարավորությունը։ Պատժամիջոցների կարող են ենթարկվել նաև չինական նավահանգիստները, որոնց մատակարարվում է իրանական նավթը։
«Կարծում եմ՝ դուք կտեսնեք պատժամիջոցների վերադարձ, և թե ինչպես նրանք կփորձեն է՛լ ավելի մեկուսացնել Իրանը դիվանագիտորեն և ֆինանսապես»,- ասել է նախկին պաշտոնյան։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանը մտադիր է ընդլայնել գործընկերությունը հարևան և իսլամական երկրների հետ և իր համար կարևոր չէ, թե ով կդառնա ԱՄՆ նոր առաջնորդը։ Իրանը Ռուսաստանին համարում է իր հարևան պետություններից մեկը։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը, նախնական արդյունքներով, ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։
Նոյեմբերի 6-ին Բայդենը շնորհավորել էր Թրամփին և նրան հրավիրել Սպիտակ տուն՝ քննարկելու պաշտոնի փոխանցումը: Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և քաղաքական այլ գործիչներ։