ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններից հետո դեռ չի խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չի բացառում այդ հնարավորությունը, ասել է նա NBC-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ մենք կխոսենք»,- ասել է նա՝ մեկնաբանելով իր նախկին շփումների բացակայությունը ՌԴ ղեկավարի հետ։
Թրամփը նաև նշել է, որ իր ընտրվելուց հետո խոսել է «մոտ 70 համաշխարհային առաջնորդների» հետ, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի։ Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ պայմանավորվել են «առաջիկայում միասին ճաշել»։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։
Նոյեմբերի 6-ին Բայդենը շնորհավորել էր Թրամփին և նրան հրավիրել Սպիտակ տուն՝ քննարկելու պաշտոնի փոխանցումը: Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և քաղաքական այլ գործիչներ։