ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը կզբաղեցնի 2025 թվականի հունվարի 20-ին, սակայն սկսել է զբաղվել միջազգային հարաբերություններով, ուստի Միացյալ Նահանգների «հակառակորդներն» արդեն հիմա կարող են փոխել իրենց քաղաքականությունը, գրում է Bloomberg-ը։
Ըստ Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյայի՝ ապագա նախագահի համար առաջնահերթ կլինի միջազգային հարաբերությունները, քանի որ նա համարվում է ավելի կոշտ ղեկավար, քան ամերիկյան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենն է։
Որոշ երկրների քաղաքականության փոփոխությունը պայմանավորված կլինի նոր վարչակազմի կողմից «հատուցման» մտավախությամբ, իսկ մյուսները կփորձեն օգտվել Բայդենի՝ նախագահությունից հեռանալու մնացած ժամանակից:
Bloomberg-ը կարծում է, որ ամերիկյան վարչակազմի առաջիկա փոփոխության նկատմամբ ամենազգայունը կլինեն Ուկրաինան և Իսրայելը։
«Թրամփի հաղթանակը փոխել է Ուկրաինայի հռետորաբանությունը և բանակցությունների տեսլականը»,- կարծում է Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի փորձագետ Շելբի Մագիդը։
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում Բենիամին Նեթանյահուն կարող էր որոշակի զիջումների գնալ, մինչդեռ Թրամփի հաղթանակն «ուժեղացրել է Իսրայելի վարչապետի» դիրքորոշումը մերձավորարևելյան հակամարտության հարցում, գրում է լրատվամիջոցը։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։
Նոյեմբերի 6-ին Բայդենը շնորհավորել էր Թրամփին և նրան հրավիրել Սպիտակ տուն՝ քննարկելու պաշտոնի փոխանցումը: Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էին ՀՀ վարչապետը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և քաղաքական այլ գործիչներ։
Armenia Today-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հայտնել էր, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պարզ կլինի 2025-ի փետրվար-մարտ ամիսներին։