ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից պաշտպանվող հայամետ թեկնածուների ավելի քան 90%-ն ընտրվել են ԱՄՆ Կոնգրեսում` 20 նահանգում, հայտնում է հանձնախումբը։
Ընդհանուր առմամբ՝ ANCA-ն աջակցում էր ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի 84 թեկնածուի: Նշվում է, որ հանձնախմբի աջակցությունը հիմնված է մոտ 40 չափանիշների վրա, այդ թվում՝ հաշվի առնելով թեկնածուների դիրքորոշումն Արցախում՝ էթնիկ զտումների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանն աջակցելու, Կոնգրեսում հայկական խմբին անդամակցելու վերաբերյալ։
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մանրամասնել է, որ ԱՄՆ-ի վերջին ընտրություններում հանձնախումբը չի սատարել նախագահի թեկնածուներից որևէ մեկին, փոխարենը կենտրոնացել է «ստեղծել քաղաքական հոգսեր նրանց համար, ովքեր դեմ են հայկական համայնքին, զինում և խրախուսում են Հայոց ցեղասպանությունը»։
Նաև, ըստ Համբարյանի, ANCA-ն կենտրոնացել է ԱՄՆ քաղաքական ասպարեզում հայկական խնդիրների առաջմղման վրա, առաջին հերթին՝ Արցախի խնդրին։
«Այս ընտրական ցիկլից շատ ավելի ուժեղ ենք դուրս եկել, քան մտել ենք»,- ասել է նա։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայացած ընտրություններում երկրի քաղաքացիներն ընտրել են 33 սենատոր և Ներկայացուցիչների պալատի 435 անդամ։
Հոկտեմբերի 3-ին ANCA-ն հայտնել էր, ԱՄՆ 60 կոնգրեսական պահանջում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել և COP29-ը կլիմայական գագաթնաժողովից առաջ ազատել հայ պատանդներին։