ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է The Washington Post-ը` վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ հանրապետականը հետաքրքրություն է հայտնել հետագա բանակցությունների նկատմամբ՝ «Ուկրաինայում հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված»։
Կրեմլում դեռ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը։ Նյութում նշվում է, որ Թրամփը Ռուսաստանի առաջնորդին կոչ է արել «չսրել իրավիճակն Ուկրաինայում», ինչպես նաև հիշեցրել Է Եվրոպայում ԱՄՆ-ի զգալի ռազմական ներկայության մասին:
«Միևնույն ժամանակ՝ Ուկրաինայի կառավարությունը ծանուցվել է Թրամփի զանգի մասին և դեմ չէր այդ խոսակցությանը»,- ասվում է հոդվածում:
Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայում հակամարտությունն ավարտել 24 ժամում՝ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում: Իր հաղթական խոսքում նա խոստացել էր դադարեցնել բոլոր պատերազմները:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության պարզ լուծում չի կարող լինել, սակայն Կրեմլը պատրաստ է լսել Թրամփի առաջարկները:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերջին մի քանի օրվա ընթացքում երեք անգամ բանակցություններ էր վարել Թրամփի հետ։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։