Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է Թբիլիսիում ակցիա անցկացնելու մասին, որն ուղղված է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29) Բաքվում անցկացնելու դեմ:
The Guardian-ի հոդվածում նա երկրներին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և հորդորել դիվանագիտական ջանքերով հասնել հայ պատանդների և բոլոր գերիների ազատմանն ադրբեջանական բանտերից։ Նա նաև կոչ է արել ապահովել հայերի՝ Լեռնային Ղարաբաղ անվտանգ վերադառնալու իրավունքը:
Թունբերգն Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման, տարածաշրջանային հակամարտությունների սրման, ինչպես նաև կլիմայի գագաթաժողովը կեղծ «կանաչ» օրակարգի քողի տակ օգտագործելով ազդեցության ուժեղացման նպատակ հետապնդելը: Ակցիան տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին Թբիլիսիում:
«Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի դեմ Ալիևի ռեժիմի կողմից իրականացված մարդու իրավունքների սարսափելի խախտումներից հետո գլոբալ խաղաղության մասին խոսելն առնվազն սրտաճմլիկ է։ Ավելին, Ադրբեջանը ծրագրում է քողարկել հայերի դեմ իր հանցագործությունները՝ ստեղծելով «կանաչ էներգիայի գոտի» այն տարածքներում, որտեղ բնակչությունը ենթարկվել է էթնիկ զտումների»,- ասվում է հրապարակման մեջ։
Թունբերգն անվիճելի է համարել արևմտյան երկրների դերը Հարավային Կովկասում «ավտորիտար դրեյֆում» և նշել, որ հենց նրանք են լեգիտիմացնում և ֆինանսավորում ռեպրեսիվ ռեժիմները՝ հանուն էներգետիկ ռեսուրսների և շահույթի:
«Ավելի քան 20 տարի է, ինչ ադրբեջանական ռեժիմն Ալիևի ղեկավարությամբ ժողովրդին պահում է ճնշման տակ՝ նպաստելով աղքատությանը, վախին և լռությանը»,- գրել է ակտիվիստն Instagram-ում։