ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Fox News-ի հաղորդավար և բանակի վետերան Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնում է առաջադրել, հայտնել է Associated Press-ը։
«Հեգսեթն ամուր բնավորություն ունի, խելացի է և անկեղծորեն հավատում է, որ ԱՄՆ-ն ամեն ինչից վեր է»,- Պենտագոնի ապագա ղեկավարի մասին այսպես է արտահայտվել Թրամփը։
Նրա կարծիքով՝ Հեգսեթը «խաղաղություն ուժի միջոցով» քաղաքականության ջատագովը կլինի։
Նշվում է, որ նախքան Fox News-ի հաղորդավար դառնալը, Հեգսեթը ծառայել է Իրաքում և Աֆղանստանում։
Նոյեմբերի 13-ին Թրամփը հայտարարել էր, որ միլիարդատեր Իլոն Մասկին (SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր) և Վիվեկ Ռամասվամիին (Roivant Sciences կենսատեխնոլոգիական ընկերության ղեկավար) ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավարներ է նշանակելու։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։