Թուրքիան ԲՐԻԿՍ-ից առաջարկ է ստացել դառնալ գործընկեր պետություն, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթին։
Նրա խոսքով՝ ԲՐԻԿՍ-ի ժողովրդականությունը մեծանում է:
«Ինչ վերաբերում Է ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցությանը, մեզ առաջարկվել է ասոցացված անդամակցություն։ Կառույցին անդամակցելը Թուրքիային զգալի օգուտ կբերի համաշխարհային բոլոր կարևոր հարթակների հետ համագործակցության տեսանկյունից»,- ասել է Բոլաթը։
Նախարարը հիշեցրել է, որ Կազանում ԲՐԻԿՍ-ի վերջին գագաթնաժողովում դիտարկվել են Թուրքիայի և մի շարք այլ երկրների հայտերը։
«Ինչպես հասկանում ենք, մեզ առաջարկում են գործընկերոջ կարգավիճակ։ Ընդ որում՝ խոսք չկա այն մասին, որ Հնդկաստանը վետո կդնի մեր անդամակցության վրա»,- հավելել Է Բոլաթը։
Հոկտեմբերին Հնդկաստանը խոչընդոտել էր Թուրքիայի անդամակցությանը ԲՐԻԿՍ-ին։ Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիան շահագրգռված է ԲՐԻԿՍ-ին անդամակցությամբ։