Ֆրանսիայի բնապահպանության նախարար Ագնես Պանիե-Ռունաշերը չեղարկել է COP29-ին մասնակցելու համար Բաքու նախատեսված այցը՝ Ֆրանսիայի կատարած «հանցագործությունների» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից հետո, հայտնում է The Guardian-ը։
Ալիևը Ֆրանսիային քննադատել էր անդրծովյան տարածքներում գաղութային «հանցագործությունների» համար։ «Ֆրանսիայի հանցագործությունները, այսպես կոչված, անդրծովյան տարածքներում ամբողջական չեն լինի՝ չհիշատակելով մարդու իրավունքների վերջին խախտումները»,- ասել էր Ալիևը։
Պանիե-Ռունաշերը հայտարարել է, որ Ալիևի խոսքերը «վարքագծի կանոնների կոպտագույն խախտում» են ՄԱԿ-ի կլիմայի շուրջ բանակցությունները վարելու համար:
Հրատարակությունը նաև հավելել է, որ Արգենտինայի պատվիրակներին հանձնարարվել է չմասնակցել համաժողովին։ Նշվում է, որ Արգենտինայի ծայրահեղ աջ առաջնորդ Խավիեր Միլեին ավելի վաղ հայտարարել էր, որ կլիմայական ճգնաժամը «սոցիալիստական սուտ է»: Նախորդ տարի նախընտրական քարոզարշավի ժամանակ նա սպառնացել էր դուրս գալ Փարիզի համաձայնագրից, սակայն դրանից հետո նահանջել էր:
Ավելի վաղ Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո կոչ էր արել հրաժարական տալ։